Դիակից ականջօղեր գողանալու մեջ մեղադրվող՝ շտապօգնության սանիտար Ռուզաննա Կիրակոսյանի հարազատները պնդում են, որ վերջինս գողություն չի կատարել, եւ մեղադրանքն անհիմն է:
NEWS.am-ի հետ զրույցում սանիտարի դուստրը՝ Վերոնիկա Կիրակոսյանը, պատմեց, որ մահացած հայտնաբերված կնոջ քույրն է իր մորը խնդրել դիակից հանել ականջօղերը:
«Սեպտեմբերի 21-ին ահազանգով մայրիկս եւ վարորդը գնացել են դեպքի վայր: Այնտեղ հայտնաբերել են կնոջ դիակ, տեղում եղել է նաեւ քննիչը եւ դատաբժիշկը: Այնուհետեւ մայրիկս իջել է եւ մեքենայում սպասել, այդ պահին մոտեցել է մահացած կնոջ քույրը եւ խնդրել ականջօղերը հանել, քանի որ մայրս ձեռնոցներով է եղել, իսկ դիակն էլ ամբողջությամբ որդնած»,- ասաց Վերոնիկա Կիրակոսյանը:
Նա պատմեց, որ մայրը, հանելով ականջօղերը, գցել է ձեռնոցի մեջ եւ դրել դրամապանակի մեջ, քանի որ այդ պահին շատ զբաղված է եղել եւ մոռացել է օղերը հանձնել քննիչին:
«Միայն տուն գալուց հետո է մայրս տեսել, որ ականջօղերն իր մոտ են: Հաջորդ օրը եւեթ դիմել է ոստիկանություն, բայց արդեն մահացած կնոջ քրոջ որդին գնացել եւ բողոք էր գրել: Հետո էլ արդեն քրեական մեղադրանքով գործն ուղարկեցին դատարան»,- ավելացրեց մեղադրյալի դուստրը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Կ.-ն, ահազանգ ստանալով այն մասին, որ Մաշտոցի պողոտայի 51 շ. 36 բնակարանում դիակ կա, շտապօգնության մեքենայի վարորդ Հայկ Վարդանյանի հետ մեկնել է վերը նշված բնակարան: Այնուհետեւ Սիլվա Պետրոսյանի դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, որի ընթացքում էլ Ռուզաննա Կ.-ն Ս. Պետրոսյանի դիակից գաղտնի հափշտակել է զգալի չափի 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղը:





























