Եվրամիությունը եվրոպական բանակ ստեղծելու հարցով դեռեւս դեռեւս ոչ մի կոնկրետ նախագիծ չի մշակել. այդ հարցը կբարձրացվի հունիսին ԵՄ գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը։
«Ես կարծում եմ, որ դեռեւս վաղ է խոսել կոնկրետ պլանի մասին։ Այս պահին չկա նախագիծ, որը կարող ենք քննարկել»,- ասել է Շինասը։
Նրա խոսքով՝ հարցը պլանավորվում է դնել Խորհրդի քննարկմանը հունիսին։ «Հանձնաժողովը բարձր ներկայացուցչի հետ կուսումնասիրի, թե կոնկրետ ինչ ներդրում է կարող կատարել հանձնաժողովը այդ քննարկման համար»,- մեջբերում է Շինասի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ կիրակի օրը Welt am Sonntag գերմանական պարբերականը հրապարակել էր եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, թե ԵՄ-ն պետք է սեփական միասնական բանակը ստեղծի Եվրոպայի շահերի պաշտպանության համար։





























