ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մարտի 9-ին, ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Լիբանանի ՊՆ պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մաքարոնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը եւ հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները: Լիբանանյան կողմը նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը:

Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում համագործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ: Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը եւ 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր: