ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով երկարաձգել:
Այս մասին նա Facebook-ի իր էջում գրել է.
«Խոստումս կատարեցի. նախորդ ուրբաթ՝ մարտի 06-ին, շրջանառության մեջ եմ դրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ ընդունել օրենքի անցումային դրույթների նոր խմբագրություն՝ հնարավորություն տալով երկարաձգել մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը 2 տարով (գործող խմբագրոթյան համաձայն՝ այդ լիցենզիաների գործողության ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսին):
Ինչպես մի քանի անգամ նշել եմ այս խնդիրը քննարկելիս, այդ հեռուստաընկերությունները տարիներ շարունակ աշխատել են ու ձեւավորել կայուն լսարան: Միանգամից մոտ 14 հեռուստաընկերությունների փակմամբ առնվազն մի քանի հարյուր հոգի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: Հաշվի առնելով այն, որ այդ անձիք մասնագիտացած են տվյալ ոլորտում, իսկ մարզերում այլեւս համապատասխան աշխատանք գտնելը գրեթե անհնարին է լինելու, ապա ակնհայտ է, որ նրանք, չգտնելով գոնե մասնագիտությանն ու մասնագիտացմանը համապատասխան աշխատանք, բռնելու են արտագաղթի ճանապարհը: Ավելին, եթե գործող խմբագրության համաձայն յուրաքանչյուր մարզում գործի միայն 1 հեռուստաընկերություն, ապա փաստորեն իսպառ վերանալու է մրցակցությունը, որը ոլորտի զարգացման շարժիչ ուժն է: Նույնկերպ տուժելու է եթերի բազմազանությունը:
Այսպիսով, ընդամենը 5 ամիս անց մարզերում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը միանգամից կտրուկ կնվազի՝ այն դեպքում, երբ մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի է իրեն զգացնել տալիս, ու մարզերի բնակչության մի ստվար զանգված ֆինանսական անգամ ամենասուղ հնարավորությունը չունի օգտվելու հեռուստատեսությանն այլընտրանք համարվող ինտերնետից՝ որպես տեղեկատվության աղբյուր եւ ժամանցի կազմակերպման միջոց:
Նախագծի ընդունմամբ անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2017թ. հուլիսը, եւ ընթացքում քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել խնդրի լուծման առավել ընդունելի տարբերակ»:





























