Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հրապարակում մարտի 3-ին հնչած կրակոցների գործով կա մեղադրյալ:

NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Ն.Ավետիսյանը ներգրավվել է՝ որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 3-ին ժամը 13:00-ի սահմաններում 23-24 տարեկան մի երիտասարդ Պռոշյան գյուղի կենտրոնում կրակել է 33-ամյա Արման Թադեւոսյանի ուղղությամբ: Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: