Եգիպտոսի դատարանը ապրիլի 4-ին կվերանայի նախկին նախագահ Հոսնի Բուբարաքի եւ նրա որդիների հանդեպ հարուցված վերջին կոռուպցիոն գործը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը հունվարին որոշել էր չեղյալ հայտարարել Մուբարաքի եւ նրա երկու որդիների դատավճիռը, ինչպես նաեւ նոր դատական լսումներ նշանակել բյուջետային միջոցների յուրացման գործով։ «Պալատների գործ» անունը ստացած մեղադրանքը Մուբարաքի եւ նրա որդիների դեմ հարուցված վերջին գործն է, տեղեկանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հետաքննության տվյալներով՝ նախկին նախագահն ու նրա որդիները յուրացրել են նախագահի պալատների վերանորոգման համար հատկացված շուրջ 18 մլն դոլար։

Այս գործով մեղավոր ճանաչված Հոսնի Մուբարաքը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, իսկ նրա որդիները՝ 4-ական տարվա։

Մեղադրանքը չեղյալ հայտարարելուց հետո նրա որդիները ազատ էին արձակվել եւ ենթարկվել տնային կալանքի գործի վերանայման  ընթացքում։ Մուբարաքը տնային կալանքը կրում է Կահիրեի զինվորական հոսպիտալում։