ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլար են խոստացել ամերիկացի Ռոբերտ Լեւինսոնի գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց, որն 8 տարի առաջ անհետ կորել է Իրանում: Այս մասին ասված է երկուշաբթի տարածված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի գրավոր հայտարարությունում:
Նրա խոսքով, Հետախուզությունների դաշնային բյուրոն որոշել է 5 մլն դոլար վճարել տեղեկությունների համար, որոնք «կարող են նպաստել Լեւինսոնի բարեհաջող հայրենիք վերադարձին»:
«Մենք Իրանի կառավարությանը խնդրում ենք մեզ հետ համագործակցել՝ Ռոբերտ Լեւինսոնի անհետացման հանգամանքների հետաքննության շրջանակում»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Սպիտակ տունն իր հերթին հավելել է, որ բարձր է գնահատում «արտասահմանյան գործընկերների աջակցությունը», որ ցուցաբերում են այս գործի շրջանակում:
Ըստ ՏԱՍՍ-ի, նախապես Վաշինգտոնը պնդում էր, որ ամերիկացին ոչ մի առնչություն չունի ԱՄՆ վարչակազմի հետ, եւ որ նա Իրան է մեկնել մասնավոր գործնական այցով: Սակայն 2013 թվականին Associated Press գործակալության անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում պարզվեց, որ Լեւինսոնը, ով երեքշաբթի 67 տարեկան կդառնա, Իրանում է եղել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության առաջադրանքով:





























