Կոտ դ'Իվուարի նախկին առաջին տիկին Սիմոնա Գբագբոյին դատապարտել են 20 տարվա ազատազրկման 2010-2011թթ. քաղաքական ճգնաժամի տարիներին ազգային անվտանգությունը սասանելու փորձի մեղադրանքով։

Դատավորները 65-ամյա տիկնոջը միաձայն մեղավոր են ճանաչել։ Ընդ որում, դատախազությունը 2014թ. վերջից շարունակվող դատաքննության ընթացքում պահանջել էր մեղադրյալին դատապարտել 10 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse գործակալությունը։

2010թ. նոյեմբերին Լորան Գբագբոն, որը մինչ այդ 10 տարի ղեկավարում էր Կոտ դ՛Իվուարը, նախագահական ընտրություններում պարտվել էր Ալասան Ուատարային , սակայն հրաժարվել էր հեռանալ իր պաշտոնից։ Քաղաքական ճգնաժամը վերածվել էր բախումների, որի հետեւանքով զոհվել էր շուրջ 1000 մարդ։ Հակամարտությունը վերջնական լուծում էր ստացել 2011թ. մայիսին՝ այն բանից հետո, երբ միջամտել էին ՄԱԿ զինված ուժերն ու ֆրանսիացի զինծառայողները։ 

Լորան Գբագբոն ձերբակալվել էր մարդկության դեմ գործած հանցագործության մեղադրանքով։ Նրա գործով դատական լսումները կկայանան 2015թ. հուլիսին։