Ղրիմը միացվել է Ռուսաստանին նրա բնակչությանը ուկրաինացի ազգայնականներից պաշտպանելու համար։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերությունում նկարահանվող «Ղրիմ։ Ճանապարհ դեպի Հայրենիք» փաստագրական ֆիլմի նկարահանման շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։
Ղրիմում հանրաքվեից 3 շաբաթ առաջ Պուտինը ուժային կառույցներին հանձնարարել էր սկսել թերակղզին Ռուսաստանին վերադարձնելու աշխատանքները։
«Աշխատանքները սկսվել էին փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը եւ ավարտվել էին առավոտյան ժամը 7-ին։ Ես բոլորին ազատ արձակեցի եւ գնացի քնելու ժամը 7-ին։ Եվ հրաժեշտ տալով՝ ես իմ բոլոր գործընկերներին ասացի, որ Ուկրաինայում իրավիճակն այնպես է զարգանում, որ մենք ստիպված ենք սկսել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու աշխատանքները։ Քանի որ մենք չենք կարող այդ տարածքն ու այնտեղ ապրող մարդկանց թողնել բախտի քմահաճույքին, ազգայնականների տնօրինության տակ»,- մեջբերում են Պուտինին ռուսական լրատվամիջոցները։
Ռուս նախագահի խոսքով՝ Ղրիմում անցկացվել է փակ հանրաքվե, որը ցույց է տվել, որ բնակչության 75 տոկոսը ցանկանում է վերամիավորվել Ռուսաստանի հետ։ Պուտինը նաեւ նշել է, որ Մոսկվայի նպատակը Ղրիմի գրավումը չէր։ «Մենք գիտենք հանրաքվեի արդյունքները։ Մենք գործել ենք այնպես, ինչպես ուղղակի պարտավոր էինք վարվել»,- հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք որ Ղրիմի հանրաքվեն կայացել է 2014թ. մարտի 16-ին։ Բնակչության մեծ մասը Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն կողմ էր քվեարկել։
Ինչպես հիշեցնում է ռուսական ՌԲԿ գործակալությունը, Պուտինը Ղրիմի դեպքերից հետո տարբեր կերպ էր ներկայացնում այդ իրադարձություններում Ռուսաստանի ունեցած դերն ու Ղրիմի վերամիավորման պատճառները։ Առաջին անգամ խոսելով Ղրիմի դեպքերի մասին՝ Պուտինը մարտի 4-ին Նովո Օգարեւոյում հայտարարել էր, թե թերակղզու վերամիավորումը Ռուսաստանին չի պլանավորվում։ Իսկ դրա միավորման պատճառների թվում Պուտինը նշում էր ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությունը, պատմական արդարության վերականգնումն ու Ռուսաստանի համար Ղրիմի սակրալ նշանակությունը։





























