Ծագումով հայ, 17 վեպի հեղինակ, ԱՄՆ-ում ամենից շատ ընթերցվող գրողներից մեկը՝ Քրիս Բոխջալյանը, The Boston Globe պարբերականում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանն ու այդ հարցում ԱՄՆ դիրքորոշմանը։

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ստորեւ ներկայացնում է հոդվածի թարգմանությունը։

«1915թ. ապրիլի 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում  թուրքական կառավարության կողմից ոչնչացվեց հայ մտավորական եւ կրոնական գործիչների մեծ մասը։ Դրան հաջորդող տարիների ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում բնաջնջվեց 1.5 մլն հայ։  Այսօր ապրող հայերի մեծ մասը Ցեղասպանությունը վերապրած մարդկանց սերունդներն են։

Սակայն Թուրքիան նավթով հարուստ Ադրբեջանի պես հերքում է այդ մեղադրանքները։ Ավելին՝ Թուրքիայի որոշ դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, փորձում են «ցեղասպանություն» եզրին փոխարինող բառեր օգտագործել։

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քաղաքացիները ցանկանում են, որպեսզի իրենց երկիրը առերեսվի իր անցյալն եւ ընդունի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կատարած հանցագործությունները, ոչ ոք չի սպասում, որ Անկարան կհետեւի Բեռլինի օրինակին ու Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցի։

Իրականում արդեն մի ամբողջ դար թուրք առաջնորդները մոլեռանդ աշխատում են պատմության աղավաղման ուղղությամբ։ Ինչու՞ է դա նրանց հաջողվում։ Քաղաքական իրականությունն այն է, որ շատ արեւմտյան երկրներ Սառը պատերազմի տարիներին Թուրքիային դիտարկում էին իբրեւ խորհրդային նվաճումների դեմ պայքարի վերջին հենակետ։ 

Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները նշել այն օրը, երբ աշխարհի բոլոր հայերը հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը, վիրավորական է եւ սարսափելի։ Դա ապացուցում է Հայաստանի հետ հաշտեցման հարցում Թուրքիայի որդեգրած ագրեսիվ եւ վիրավորական մոտեցումը։

Մեկ այլ հարց է առաջանում։ Որտե՞ղ են լինելու ամերիկացի առաջնորդները ապրիլի 24-ին։ Կլինեն նրանք Հայաստանու՞մ՝ հարգելով նրանց հիշատակը, որոնց պատմության մասին լռում են, թե՞ կլինեն Թուրքիայում՝ մասնակցելու  միջոցառմանը, որի նպատակն է վերջնականապես լռեցնել այդ զոհերի մասին հիշեցնող ձայները։