Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշել պատրաստվող հայկական սփյուռքի ղեկավարները Հոլիվուդի աստղերի եւ մարդու իրավունքների պաշտպանների հետ միասին ամենամյա մրցանակ կսահմանեն, որը կշնորհվի ուրիշներին փրկելու համար սեփական կյանքը վտանգած անձանց։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մարդասիրական մրցանակը, որի մասին կհայտարարեն երեքշաբթի Նյու Յորքում, աշխարհահռչակ հայերի լայնածավալ գործունեության մի մասն է, որի նպատակն է փաստել եւ արխիվացնել Ցեղասպանություն վերապրած հայերի եւ նրանց կյանքը փրկած մարդկանց պատմություններն այնպես, ինչպես դա արվել է Հոլոքոստի ժամանակ հրեաների դեպքում։
Հայ հովանավորների խոսքով՝ այս նախաձեռնությունը կներկայացնի, թե ինչպես են Ցեղասպանությունը վերապրած մարդիկ, որոնցից մի մասի կյանքը փրկել են թուրքերը, կարողացել հաջողակ կյանք վարել այն դեպքում, երբ իրենք ու իրենց սերունդները ցրվել են աշխարհով մեկ։
«Մարդակայնությունը, առատաձեռնությունը, ուժն ու ինքնազոհողությունը, որը դրսեւորել են հայերին փրկած մարդիկ, ստիպում են մեզ անդրադառնալ նրանց պատմություններին»,- հայտարարել է Ռուսաստանում մեծացած հայ բանկիր եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, որը 100 Lives Initiative կոչվող նախագծի համահեղինակներից է։
Պարբերականը նշում է, որ կենդանի մնացածների եւ նրանց փրկած մարդկանց հիշատակը հարգելու հետ մեկտեղ նախաձեռնության շրջանակներում կհատկացվի 1 մլն դոլար՝ իբրեւ Ավրորայի մրցանակ մշտարթուն մարդասիրության համար։ Մրցանակը հանձնվելու է հաջորդ տարվանից։ Դափնեկիրները այդ գումարը կփոխանցեն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրենց։
Մրցանակն այսպես է կոչվել Ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարտիկանյանի անունով, որի աչքի առաջ սպանել էին ընտանիքի բոլոր անդամներին։ Նա իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն եւ 1919թ. նկարահանվել էր «Պատառոտված Հայաստան» ֆիլմում։
Ինչպես գրում է պարբերականը, Ռուբեն Վարդանյանն ու նրա գործընկերները համագործակցում են Ջորջ Քլունիի, Բրեդ Փիթի, Մեթ Դեյմոնի եւ այլ հռչակավոր մարդկանց կողմից հիմնադրված Not On Our Watch կազմակերպության հետ, որի նպատակն է կանխել զանգվածային վայրագությունները։
Ջորջ Քլունին իր հայտարարության մեջ նշել էր, որ խումբը եւ հայ նախաձեռնողները մեկ ընդհանուր նպատակ ունեն. «միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ցեղասպանության հետեւանքների վրա, ինչպես նաեւ կանխել աշխարհում զանգվածային վայրագությունները»։
Ինչպես նշում է The New York Times-ը, նախաձեռնության հեղինակները իրենց հայտարարության մեջ նշել են, որ Քլունին առաջին մրցանակը կհանձնի մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա Հայաստանի մայրաքաղաք Երեւանում 2016թ. ապրիլի 24-ին։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նյու Յորքում կազդարարվի նոր նախաձեռնության՝ «100 Կյանք»-ի (100 LIVES) մեկնարկի եւ մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (“AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE”) հիմնման մասին:
Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։ «100 Կյանք»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:





























