Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում է կարգապահական վարույթ հարուցել դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեի նկատմամբ:
NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ արդեն դիմել է Փաստաբանների պալատի նախագահին:
«Մարի Լոռ Դոզեն այս ամիսների ընթացքում անընդհատ վիրավորել է իմ անձը: Այդ պատճառով դիմել եմ Արա Զոհրաբյանին, որ կարգապահական վարույթ հարուցվի Մարի Դոզենի դեմ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ 2015թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:





























