Բելառուսը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք վստահում ենք ձեր պետությանը, ղեկավարությանը եւ պատրաստ ենք համագործակցել ձեզ հետ բոլոր ուղղություններով, փակ թեմաներ բացարձակ չկան»,- նշել է Լուկաշենկոն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Բելառուսն ու Ադրբեջանը միշտ հաջողությամբ են լուծել խնդիրները։
«Եթե կան պետություններ, որոնց հետ համագործակցելիս մենք մտածում ենք գնալ այդ քայլին, թե ոչ, ապա Ադրբեջանի դեպքում մենք վստահորեն պատրաստ ենք այնտեղ արտադրություն դնել կամ ընդունել մեր երկրում ձեր ներդողներին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը եւ շնորհակալություն հայտնել ադրբեջանական կողմին ցուցաբերած աջակցության համար։
Իր հերթին Յաղուբ Էյուբովը նշել է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Լուկաշենկոյի վերաբերմունքը։ «Բելառուսի ղեկավարը ցույց տվեց, որ նա ժողովրդի մարդ է։ Դուք չեք կարող ապրել առանց ժողովրդի եւ Ձեր կյանքը նվիրում եք այդ ժողովրդին»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը եւ Լուկաշենկոյին փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ջերմ ողջույնները եւ երախտագիտությունը ցուցաբերած աջակցության համար։





























