Հայաստանում խնամակալության ինստիտուտն առաջարկվում է ընդլայնել: Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն առաջարկել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Օրինագիծին կից բացատրական գրության մեջ նշվում է, որ խնամակալության ձեւակերպման հնարավորությունը առաջարկվում է տարածել նաեւ այն ավելի քան 2 ամիս կոմայի մեջ գտնվող, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակում անձանց վրա:
Ներկայումս խնամակալություն նախատեսվում է մինչեւ 14 տարեկան երեխաների եւ անաշխատունակ քաղաքացիների համար:
Կառավարության նիստում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ սկզբունքային տարաձայնություններ օրինագծի հետ կապված չկան, եւ մի շարք առաջարկների ընդունման դեպքում կառավարությունը կողմ կլինի դրան:





























