Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության նոր ձեւաչափի փաստաթղթի շուրջ համաձայնության կգան նախքան «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին՝ անդրադառնալով այս տարվա մայիսին Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր փաստաթղթի ստորագրման հեռանկարներին։
«Ես լիահույս եմ, որ Ռիգայում՝ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում, կհաջողվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցությունը կարգավորող նոր ծրագիր մշակել։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մի մասն է եւ հնարավորինս պետք է մոտ լինի Եվրոպային։ Այդ պատճառով Լեհաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը պահպանի եվրոպական ուղղվածությունը, իսկ մենք մեր հերթին կանենք ամեն բան, որպեսզի Հայաստանը պահպանի այդ դիրքորոշումը նաեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելուց հետո»,- ընդգծել է Եժի Նովակովսկին։
Դեսպանը հավելել է, որ Լեհաստանը ԵՄ անդամ այն երկրներից է, որոնք առավելապես շահագրգռված են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցման հարցում։ «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու իր որոշմամբ ցույց տվեց, որ պատրաստ է համագործակցել միայն քաղաքական ոլորտում՝ բացառելով տնտեսական համագործակցությունը։ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը Ռիգայում ոչ մի կապ չի ունենալու Եվրասիական տնտեսական միության հետ։ ԵՏՄ-ն չպետք է համեմատել Եվրամիության հետ, քանի որ դրանք տարբեր համակարգեր են։ ԵՄ անդամ երկրների ղեկավարներից է կախված, թե նրանք ԵՏՄ անդամ երկրների հետ կխոսեն որպես ինտեգրման համակարգի անդամների, թե նրանցից յուրաքանչյուրին առանձին կդիտարկեն։ Բայց ես վստահ եմ, որ այդ հարցը չի դրվի գագաթնաժողովի օրակարգում»,- եզրափակեց Եժի Նովակովսկին։
Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթնաժողովը։ 2015թ. Լատվիան նախագահում է ԵՄ Խորհրդում։





























