Հայաստանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի դատական արբիտրաժը զարգացնելու համար: Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր՝ մարտի 10-ին, ընդուվել է կառավարության նիստում:

Նախագիծը ներկայացող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ արբիտրաժի զարգացումը պայմանավորված է ՀՀ նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի հրամանագրով, ինչպես նաեւ 2012-16 թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրով:

Նա հավելել է, որ ներկայումս արբիտրաժի զարգացմանը խոչընդոտում է ոչ միայն իրավական դաշտի բացակայությունը, այլեւ այդ ինստիտուտի նկատմամբ անվստահությունը: Դրա պատճառն այն է, որ հստակված չէ նաեւ արբիտրաժային որոշումների իրավական կարգավիճակը եւ դրանք չկատարելու դեպքում հնարավոր հետեւանքները, ինչը համակարգն անարդյունավետ է դարձնում: