Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կրկին հայտարարել է Արցախում դատապարտված ադրբեջանական դիվերսանտների նկատմամբ մարդասիրության մասին:

«Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից պահվող ադրբեջանցի գերիների ազատ արձակումը մարդասիրական ժեստ կլիներ, որը կարող էր ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհին առաջընթաց քայլ դառնալ»,- լրագրողներին ասել է դեսպանը:

Ըստ haqqin.az-ի, դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Հայաստան կատարած այցի ընթացքում բարձրացրել է այդ հարցը:

«Գիտեմ, որ բոլորն ակտիվորեն աշխատում են հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար: Մենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման ուղի գտնելու փորձ ենք առաջարկում»,- նշել է դեսպանը: Հիշեցնենք, որ խոսքը Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի մասին է:

Միաժամանակ, Ադրբեջանում է Լեռնային Ղարաբաղից գերի Արսեն Բաղդասարյանը: Բայց այս դեպքում ԱՄՆ որեւէ ներկայացուցիչ մարդասիրության կոչով հանդես չի եկել: