Հայտնի է Աբխազիայի Սուխումի շրջանի Գումիստա գյուղի աշակերտուհի Վերժինե Սուրմենելյանի սպանության գործով ձերբակալվածի ազգանունը՝ Բուրյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Սուխումի հայ համայնքի ղեկավար Սեյրան Իչմելյանը:

Նրա խոսքով, տեղի է ունեցել բռնաբարություն եւ սպանություն: «Առայժմ սպանության մասին խոսք չի գնում, ապացուցված չէ, որ նա է մարդասպանը: Սակայն փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ երեխային Բուրյակն է բռնաբարել: Նա ծնվել է 1988 թվականին, ապրել Սուխումում, մի քանի անգամ դատապարտվել նման հանցագործությունների համար»,- տեղեկացրեց Սեյրան Իչմելյանը: Նրա փոխանցմամբ, նաեւ տեղեկություն կա, որ նա բանտ է նստել սպանված աղջկա հոր հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբխազիայի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը հաստատել է Սուխումի շրջանի Գումիստանյան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Վերժինե Սուրմենելյանի նկատմամբ հանցագործություն իրականացրած անձի ինքնությունը:

Հիշեցնենք, որ Վերժինե Սուրմենելյանի մարմինը՝ պարանոցի հատվածում կտրվածքներով եւ բռնաբարության հետքերով, հայտնաբերվել էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, Գումիստա գյուղի լքված տանը: