Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողները նրան հետեւել են դեռեւս Charlie Hebdo-ի խմբագրությունում հրաձգությունից առաջ: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Նշվում է, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվողները ZAZ Chance ավտոմեքենան ձեռք են բերել անցյալ տարվա սեպտեմբերին: Եվ արդեն աշնանը մեքենան Բորիս Նեմցովի տնից ոչ հեռու հայտնվել է տեսահսկման խցիկների տեսադաշտում:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվում էր, որ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւը պատմել է, թե ինչ պատճառով է իրականացվել քաղաքական գործչի սպանությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, Դադաեւը հայտարարել է, որ Նեմցովին սպանել են Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունում տեղի ունեցած հրաձգությունից հետո մահմեդականների եւ իսլամի մասին բացասաբար արտահայտվելու համար:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 7-ին, Փարիզում: Միջադեպի արդյունքում 12 մարդ է սպանվել, այդ թվում՝ 2 ոստիկան: