Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սլովենիա շարունակվում է: Մարտի 10-ին Լյուբլյանայում նա այդ երկրի Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին։
Քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, կարեւորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ստեղծումը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը եւ ընդգծել դրանց աջակցելու կարեւորությունը։
Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուբլյանա այցելության օրակարգում էր նաեւ Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպումը։ Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Յանեշ Լենարչիչը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Այցի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարարն առանձին հարցազրույցներ է տվել սլովենական հեղինակավոր «Delo» եւ «Dnevnik» թերթերին։





























