Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ համատեղ ընդլայնելու ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը: Այս մասին, մարտի 10-ին, Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Երկուստեք կարեւորվել է փոխայցերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի եւ Սենատի համագործակցության անհրաժեշտությունը հայ-չեխական, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման համար:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին` Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Զդենեկ Շկրոմախն իր հերթին նշել է, որ կողմնակից է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Սենատի փոխնախագահին հրավիրել է Երեւան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողություններին:





























