Բարսելոնի դատարանը որոշել է, որ հասարակաց տների սեփականատերերը պետք է պայմանագիր կնքեն մարմնավաճառների հետ: Այս մասին գրում է The Independent-ը: Բացի այդ, նրանց կպարտավորեցնեն աշխատակցուհիների անունից սոցիալական ապահովության հիմնադրամ վճարումներ կատարել:

Այսպիսով, դատարանը որոշել է, որ մարմնավաճառները պետք է կենսաթոշակ, գործազրկության նպաստ ստանան, ինչպես նաեւ նրանց համար հասանելի լինեն պետական բժշկությունն ու արտոնությունները: Բարսելոնի դատարանի որոշումը կարելի է բողոքարկել Կատալոնիայի Գերագույն դատարանում:

1995 թվականից մարմնավաճառությունն Իսպանիայում հանցավոր գործունեություն չի համարվում, բայց այս ոլորտի ներկայացուցիչներն աշխատանքային իրավունքներ չունեին: Կավատությունն ու կանանց առեւտուրն այս երկրում արգելված են:

Ըստ Lenta-ի, Իսպանիայում մարմնավաճառությունը ծաղկում է: Տնտեսական ճգնաժամի պատճառով ավելի ու ավելի մեծ թվով կանայք են վաճառում իրենց մարմինը: Իսպանացիների շուրջ 39%-ը խոստովանել է, որ օգտվել է մարմնավաճառների ծառայություններից: