«Արեւելյան գործընկերությունն» ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք գագաթնաժողովին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին։
Դեսպանը հիշեցրել է, որ «Արեւելյան գործընկերությունը» ԵՄ ծրագիր է, որի նախաձեռնողները Լեհասատնն եւ Շվեդիան են եղել՝ նպատակ ունենալով տարածել եվրոպական արժեքները, ներգրավել հարեւան երկրներին եւ ամրապնդել արդեն եղած կապերը։ Սակայն ծրագիրը ոչ մի նպատակ չի ունեցել միավորվել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ։ Այն Ռուսաստանի դեմ չէ, հետագայում նույնիսկ հնարավոր է դրա իրականացումը Ռուսաստանի մասնակցությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեսպանը նշեց, որ եվրոպական երկրները Հայաստանը դիտարկում են որպես կարեւոր պետություն։ «Լեհաստանում շատ հայեր են ապրում, եւ իմ նշանակումը շատերը ողջունում էին»,- հայտարարել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի «եվրոպական ընտրությունը» նորություն չէ, այն արդեն հազարամյակների պատմություն ունի։
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական մասնակցությանը, դա ենթադրում է մերձեցում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։ «Մենք հույս ունեինք, որ Վիլնյուսում կայացած նախորդ գագաթնաժողովում գործընկերները կստորագրեն ասոցացման համաձայնագիրը։ Սակայն որոշ երկրներ որոշեցին չստորագրել այն եւ դառնալ ԵՏՄ անդամ, որի գործող կանոնակարգը հակասում է «Արեւելյան գործընկերության» դրույթներին»,- նշել է դեսպանը՝ հիշեցնելով, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դրա հետեւանքներից մեկն էր։
«Ռիգայի գագաթնաժողովում պետք է ընդունվեն հստակ որոշումներ եւ նշվեն ծրագրերը։ ԵՄ տեսանկյունից գագաթնաժողովը նպատակ ունի դասակարգել գործընկերներին՝ ըստ երկրների առավել եւ նվազ բարեկամական ցուցանիշի։





























