Հաջորդ տարվանից համապատասխան բալերով IELTS-ի վկայականները ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը կողմից կհամարվեն անգլերենի իմացության ապացույց այնպես, ինչպես այս պահին գերատեսչությունն ընդում է TOEFL-ի քննության արդյունքները։ Այս մասին մարտի 11-ին Connecting Globally թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Խորհրդակցությունը կազմակերպել էր Հայաստանում Բրիտանական խորհրդի մասնաճյուղը։ Նրա նպատակն է կրթության ոլորտի ներկայացուցիչների, անգլերենի մասնագետների եւ ուսուցիչների հետ միասին քննարկել Հայաստանում կրթության որակը միջազգային չափանիշներին համաձայնեցնելու գործընթացը։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացվում Հայաստանում միջազգային նորմերին համապատասխան կրթություն ձեւավորելու հանգամանքին։ «Միջազգային նորմերին համապատասխան կրթություն ունենալու տարբերակներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, լեզվական գիտելիքները կատարելագործող ծրագրերն են, որոնք ընդլայնում են մեր երիտասարդների հնարավորությունները եւ թույլ են տալիս շրջապատող աշխարհի մասին տեղեկություններ ստանալ այն լեզուներով, որոնք այս պահին նրանց համար անհասանելի են։ Ավելորդ է խոսել այսօր հաջողակ մասնագետ դառնալու գործում անգլերենի իմացության կարեւորության մասին։ Երկար ժամանակ մենք, համագործակցելով Բրիտանական խորհրդի ծրագրերի հետ, ցանկանում ենք բարձրացնել դպրոցներում անգլերենի դասավանդման մակարդակը։ Եվ ես այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ լեզվի իմացությունը այսօր ոչ թե առավելություն էյ, այլ պարտադիր պայման։





























