Երեւանում տաքսիստները մարտի 15-ին ավտոերթ կանցկացնեն՝ իրենց բողոքն արտահայտելով լիցենզավորման նոր կարգի դեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, մամուլի ասուլիսում նշել է «Ավտոսեփականատերերի իրավունքների լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բողոքի ակցիային կմասնակցեն ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի տաքսիստները: Ավտոերթը կսկսվի ժամը 14.00-ին «Հրազդան» մարզադաշտի մոտից:

Նրանք իրենց պահանջները ներկայացրել են 15 կետից բաղկացած նամակում, որը պատրաստվում են ուղարկել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:

Տաքսիստները դժգոհ են լիցենզավորման հետ կապված մեծ ծախսերից: «Պետական տուրքը, հաշվիչը եւ այլն, այդ ամենը մեզ վրա 100 հազար դրամ է նստում: Մենք առաջարկում ենք, որ Տրանսպորտի նախարարությունն ունենա իր ավտոպարկը, որտեղից տաքսիստները վարձավճարով մեքենաներ կվերցնեն: Կնքեցիր պայմանագիր՝ աշխատիր: Եթե այլեւս չցանկանաս, պարզապես վերադարձնում ես մեքենան»,-պարզաբանել է Տիգրան Հովհաննիսյանը:

«Բոլորը գիտեն, որ այսօր տաքսին հոբբի չէ: Եթե որեւէ մեկը նստում է ղեկին, նշանակում է անապահով է: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի մարդկանց պետք է ընդառաջ գնալ, ոչ թե նոր օրենքներ հորինել՝ առանց խորհրդակցելու նրանց, այսինքն մեզ հետ»,-իր հերթին հայտարարել է Արման Գալստյանը: