Եվրամիությանն անդամակցելու դեպքում Թուրքիան պատրաստ կլինի այդ միությանը 60 հազար հոգանոց բանակով ապահովել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաալիքները։
Թուրքիայում Չեխիայի դեսպան Պավել Կաֆկայի հետ ունեցած հանդիպման ժամանակ Բոզքըրը նշել է, որ Եվրամիությունը սեփական բանակ չունի եւ այդ պատճառով էլ «փափուկ ուժի դիրքերից է խոսում»։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, խոսելով ԵՄ զինված ուժերի ստեղծման հնարավորության մասին, հայտարարել է, որ Եվրամիության բանակը չպետք է կրկնօրինակի ՆԱՏՕ-ի գործառույթները։
Նշենք, որ մարտի սկզբին Welt am Sonntag գերմանական պարբերականը հրապարակել էր եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, թե ԵՄ-ն պետք է սեփական միասնական բանակը ստեղծի Եվրոպայի շահերի պաշտպանության համար։




























