Մեծ Բրիտանիան հավատում է, որ ապագայում Հայաստանի կրթական համակարգը կապված կմնա IELTS  գլոբալ քննության նորմերի հետ։ Այս մասին մարտի 11-ին Հայաստանի կրթական համակարգը Եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն նվիրված Connecting Globally թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը։ 

Դիմելով խորհրդակցությանը ներկա գտնվող անգլերենի մասնագետներին՝ դեսպանը նշել է. «Որպես լեզվաբան՝ ես գիտեմ, ինչ բարդ եւ կարեւոր աշխատանք եք դուք կատարում։ Դուք պետք է շարունակեք կատարելագործել ձեր հմտությունները, եւ այն հանգամանքը, որ դուք այսօր այստեղ եք, վկայում է ձեր այդ մտադրությունների մասին»։

Քթրին Լիչը նշել է, որ IELTS-ի քննությունը տարածվում է ամբողջ աշխարհում եւ անգլերեն իմացության չափանիշ է համարվում։ «2014թ. աշխարհում 2 մլն ուսանող IELTS-ի քննություն է հանձնել։ Իհարկե IELTS-ի մեթոդիկայի աշխատանքներում մեր գործընկերը շարունակում է մնալ Բրիտանական խորհուրդը։ Նրանք անցյալ 10 տարիների ընթացքում հսկայական աշխատանք են կատարել լեզվի ուսուցման գործընթացում նորարարական մոտեցումներ մշակելու համար եւ ես վստահ եմ, որ Հայաստանում այդ աշխատանքը կշարունակվի նաեւ հետագա 10 տարիների ընթացքում»,- եզրափակել է բրիտանացի դիվանագետը։