Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին:
Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր եւ խորհրդարանի անունից ողջունել է Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն եւ համոզմունք հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը: Փոխադարձաբար կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, այլ ոլորտներում կապերի ընդլայնումը: ՀՀ վարչապետը եւ Քուվեյթի ԱԺ նախագահը կարեւորել են նաեւ միջազգային կառույցների շրջանակում հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումը եւ նշել, որ երկու երկրների արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների ու ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության պահպանման համամարդկային արժեքները: Քուվեյթի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի գործունեությունը տարբեր ոլորտներում եւ տեղի հայկական սփյուռքի դերը՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացմանը նպաստելու գործում:
Մարզուք Ալ-Ղանիմը կարեւորել է ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացումը եւ հայտնել Քուվեյթի խորհրդարանի աջակցությունը դրանք կյանքի կոչելու գործում:
Զրուցակիցները քննարկել են միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը շրջայց է կատարել Քուվեյթի խորհրդարանով եւ ներկա գտնվել խորհրդարանի լիագումար նիստին:






























