Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս մասին մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ես կսկսեմ իմ ելույթը մեր ազգային օրակարգի այսօրվա կարեւորագույն հարցից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումից։
Դեռեւս 1915թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի կառավարությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Սա «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթի՝ միջազգային մակարդակով կիրառման առաջին դեպքերից էր, որը հանգեցրեց նրա ձեւակերպմանը որպես միջազգային իրավական համակարգի անքակտելի հասկացություն։
Հայոց ցեղասպանության ժամանակակիցների համար իրապես կարող էր հրաշք թվալ, որ հայ ժողովուրդը կարողանալու է գոյատեւել եւ վերականգնել իր պետականությունը։ Իրոք խորհրդանշական է 100-րդ տարելիցին ելույթ ունենալ ձեր առջեւ՝ որպես այս կազմակերպության 57 մասնակից պետություններից մեկի արտաքին գործերի նախարար։
Հանդիսանալով ցեղասպանության սարսափներով անցած ազգ՝ Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի հաստատակամ ջատագով է։ Այս առումով ամենաարդյունավետ միջոցներից է անցյալի ցեղասպանությունների լիակատար ճանաչումը։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որեւէ աշխարհաքաղաքական հաշվարկների»։ Այս համատեքստում նշվեց ԵԱՀԿ կարողությունը՝ քայլեր ձեռնարկելու այս հարցի առնչությամբ, քանզի «հավատարմությունը նրա սկզբունքներին եւ հանձնառություններին կարող է մեծապես նպաստել ցեղասպանության կանխարգելման ջանքերին»։
Անդրադառնալով Հայաստանի Նախագահի կողմից իր թուրք գործընկերոջը ապրիլի 24-ին Երեւանում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հրավիրելուն՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ես անձամբ փոխանցեցի հրավերը նախագահ Էրդողանին Անկարայում։ Ցավալի է, որ մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով եւս մեկ կորսված հնարավորություն Թուրքիայի իշխանությունների համար»։
Խոսելով 2014թ. սեպտեմբերին ահաբեկիչների կողմից Սիրիայի Դեյր Զոր քաղաքի՝ Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա ցավալի եւ, միաժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալի եւ ներկա հանցագործությունների միջեւ։
«Վերջերս մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են ԻԼԻՊ-ի զինյալները ավերում Մոսուլի թանգարանի 2700-ամյա արձանները։ Քաղաքակրթության դեմ այս հանցագործությունը ահարկու հիշեցումն է նախկինում իրականացված նմանատիպ բարբարոսական գործողությունների, ինչպիսին էին՝ Բուդդայի Բամիանական արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջեւանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացման դեպքերը», – ասաց նախարար Նալբանդյանը։





























