Հայաստանը չպետք է մեքենայություններ թույլ տա պատժամիջոցների տակ գտնվող ռուսական շուկայի ապրանքների հետ։ Այս մասին մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Շահութահարկի մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է նվազեցնել խոշոր արտահանողներից գանձվող հարկը։

Պատասխանելով այն հարցին, թե չի զգուշանում արդյոք նա, որ խոշոր արտահանողը կարող է գնել եվրոպական ապրանքները եւ դրանք հայկականի տեսքով արտահանել ռուսական շուկա, Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանը նման քայլին շատ կտրուկ կարձագանքի, ինչպես որ եղավ Բելառուսի դեպքում։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը չպետք է իրեն նման բան թույլ տա, որպեսզի բարձր պահի իր արտահանության հեղինակությունը։ Օրենքի գաղափարն իրենով շատ ճիշտ է. փոքր ձեռնարկությունները կարող են խոշոր արտահանողին թողնել գնորդ գտնելու եւ նրանց հետ բանակցելու հոգսը։ Ամեն դեպքում, չմոռանանք, որ նրանք տարիներ շարունակ սովորել են արտադրել եւ ոչ թե վաճառել»,- եզրափակեց Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ օրինագիծն առաջարկում էր կտրուկ նվազեցնել շահութահարկն (20-ից մինչեւ 2%) այն ընկերությունների համար, որոնք տարեկան ավելի քան 50 մլրդ դրամի (շուրջ 105 մլն դոլար) արտահանում են կատարում: Հիմա 50 մլրդ դրամի շեմին ավելացել է եւս մեկը. 40 մլրդ դրամ սահմանը՝ 5%-անոց հարկով:

Եթե օրինագծի նախորդ տարբերակում հարկային արտոնության կարող էր հավակնել միայն մեկ արտահանող, հիմա թույլ է տրվում ընկերություններին միավորվել խմբի մեջ, որպեսզի կարողանան օգտվել այդ արտոնությունից: Օրինագծում, սակայն, չի նշվում, թե որ դեպքում ընկերությունները կարող են համարվել խումբ:

Արտոնություններին չեն կարող հավակնել լեռնահանքարդյունաբերությամբ զբաղվող ըկերությունները, ակցիզավորման ենթակա ապրանքների, ոսկյա զարդերի եւ թակարժեք մետաղների ու քարերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին շուկայում: