Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հաստատության կողմից մարտի 10-ին «Կոսմոս» ակումբում անցկացվեց «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը եւ հետագա քայլերը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոսն էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում Ռուսաստանի եւ Ղրղզստանի դեսպանները, պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարությունից եւ առեւտրի դեպարտամենտից, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Քննարկման առաջին կեսում ելույթներով հանդես եկան եւ ներկաների հարցերին պատասխանեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ԵՄ պատվիրակության քաղաքականության, զարգացման եւ անվտանգության բաժնի ղեկավար Կլաուս Բոցետը:

Դեսպան Սարգսյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարժառիթներին: Խոսելով տնտեսական գործոնների մասին՝ նա նշեց, որ Հայաստանը, ինչպես որեւէ այլ սահմանափակ շուկա եւ ռեսուրսներ ունեցող երկիր, չի կարող միայնակ, առանց որեւէ ինտեգրացիոն միությանն անդամակցելու, հաջողության հասնել կենսունակ եւ կայուն զարգացում ունեցող տնտեսություն ձեւավորելու գործում: Ուստի, ըստ դեսպան Սարգսյանի, բնական էր, որ Հայաստանը պետք է ձգտեր տնտեսական ինտեգրմանը, ընդ որում այնպիսի կազմավորման հետ, որի անդամների հետ արդեն իսկ ունի սերտ տնտեսական կապեր եւ համագործակցության հարուստ ավանդույթ: Այդպիսի կառույցի հատկանիշներին լիովին համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությունը: Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տալիս մուտք գործել 170 մլն բնակչություն ունեցող շուկա, ուր Հայաստանի ապրանքները ճանաչելի եւ մրցողունակ են: Այն նաեւ էժան հումք ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում, ինչպես նաեւ լայն ասպարեզ բացում ներդրումների ներգրավման եւ աշխատանքային ուժի ազատ տեղաշարժի համար: Որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնարար շարժառիթ` դեսպանը նաեւ հիշատակեց այդ կազմակերպության անդամների հետ անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, գտնվելու կարեւոր հանգամանքը:

Ավարտելով ելույթը՝ դեսպան Սարգսյանը կարեւորեց նաեւ ԵՄ հետ համագործակցության շարունակականության պահպանումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձեւաչափի հաստատման հարցում: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ԵՄ հետ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի ԵՏՄ անդամ երկրների տնտեսական արդիականացման եւ տնտեսության բազմազանեցման համար, իսկ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հարուստ փորձը կարող է այդ առումով բավականին օգտակար լինել:

Իր խոսքում Վարդան Արամյանն անդրադարձավ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության տնտեսագիտական հիմնավորմանը: Համեմատական վերլուծություն կատարելով` նա թվային ցուցանիշներով ներկայացրեց ԵՏՄ անդամակցության դրական անդրադարձը Հայաստանի տնտեսական աճի վրա: Ընդհանուր ակնարկ կատարելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ինտեգրացիոն կազմավորումների վերաբերյալ` նա անդրադարձավ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարներին: