Պետք չէ կարծել, թե խորհրդարանի պատգամավորների արտասահմանյան ուղեւորությունները Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ոչ մի դեր չեն խաղում։ Այս մասին մարտի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՀՀ խորհրդարանի պատվիրակության՝ մարտի 8-11-ը Չեխիա կատարած այցի նպատակների մասին հարցին։
Նրա խոսքով՝ չեխ խորհրդարանականների հետ ունեցած ամուր կապերի շնորհիվ են նրանք հիմա այսպիսի հետաքրքրություն ցուցաբերում Ցեղասպանության խնդրին։ Դրա հաստատումը Պրահայի Ազգային երաժշտական թանգարանում պատվիրակության բացած թեմատիկ ցուցահանդեսն էր։ «Նման առաջընթաց կա նաեւ մերձբալթյան երկրների հետ հարաբերություններում։ Այնպես որ ընդհանրապես պետք չէ այդ ուղեւորությունները դատարկ համարել»,- նշել է Մինասյանը։
Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակության կազմում եղել են Արծվիկ Մինասյանն ու խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։





























