Թուրքիան իզուր է սպառնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով մարտի 8-11-ին կայացած ԱԺ պատվիրակության այցը Չեխիա:
Նրա խոսքով՝ ինքն այդ մասին նշել է չեխ պատգամավորների հետ մասնավոր զրույցներում, բերելով Ֆրանսիայի օրինակը: Երբ Փարիզը պատրաստվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, թուրք քաղաքական գործիչները սպառնում էին այրել բոլոր կամուրջները, իսկ հիմա թուրքական ընկերությունները հանգիստ գովազդում են ֆրանսիական ապրանքները, ինչպես առաջ:
«Հեռու գնալ պետք չէ: Ցեղասպանությունը ճանաչել են Չեխիայի հարեւան Լեհաստանն ու Սլովակիան, եւ ոչ մի կերպ չեն տուժել թուրքական կողմի որեւէ գործողությունից: Մենք տեսնում էինք, որ մեր չեխ գործընկերները լսում էին մեր փաստարկները»,-նշել է Մինասյանը:





























