Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունների եւ Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ, մարտի 12-ին հայկական մշակութային կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ երկկողմ հարաբերություններն ու համագործակցության ծրագրերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ 2012թ.-ից Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ եւ ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումներին: Հրայր Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է կազմակերպության գագաթաժողովին, որտեղ ընդունվել է բանաձեւ` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու մասին: ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդգծեց նաեւ, որ Հայաստանի դպրոցներում եւ բուհերում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերեն լեզվի ուսուցմանը եւ ֆրանսերեն լեզվի ուսուցիչների կատարելագործման խնդիրներին:

Այնուհետեւ ելույթ ունեցան Սանկտ-Պետերբուրգում Շվեցիարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի գլխավոր հյուպատոսները, որոնք մասնավորապես իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ գլխավոր հյուպատոսին` միջոցառման կազմակերպման գործում ներդրած մեծ ջանքերի համար, ինչպես նաեւ ներկայացրին իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ ս/թ. անցկացվելիք ծրագրերը, որոնց մեջ ընդգրկված են կինոփառատոններ, դասական եւ ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ, գիտաժողովներ եւ թատերական բեմադրություններ:

Հանդիպման վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին: