Հայ ազգային կոնգրեսը փիլիսոփայորեն է մոտենում այն փաստին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին չի հրավիրել մասնակցելու սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ իրենց դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտնի է, իսկ թե ինչպես է վերաբերում նրան, որ նախագահի կողմից հրավեր չի եղել, Գագիկ Ջհանգիրյանը կարճ պատասխանեց՝ «փիլիսոփայորեն»: Այլ հարցերի ՀԱԿ անդամը հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նման հրավեր չի ուղարկվել:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը հաստատել էր, որ նախագահը հանդիպման չի հրավիրել ՀԱԿ անդամներին: «Ի՞նչ իմաստ կա քննարկման հրավիրել մարդկանց, որոնք քննարկման եզր չեն գտնում»,- ասել է Հերմինե Նաղդալյանը։