Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մարտի 13-ին, ընդունել է Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները եւ կարեւորեց երկու երկրների խորհրդարանականների միջեւ ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, եւ խորհրդանշական է, որ այն տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։

ՀՀ արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանում եւ արտերկրում կազմակերպվող միջոցառումները։

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեմ Օզդեմիրը հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ ջանքերը։