Եթե ԵՏՄ-ն անցնի միասնական արժույթի, ապա առավելություն կստանա այն երկիրը, որի տարածքում կտպեն նոր թղթադրամները: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում նշել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու մասին խոսակցությունները:
Նրա կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է մի քանի տարի, որպեսզի ԵՏՄ երկրները տնտեսական զարգացման համադրելի մակարդակի գան:
«Ուշադրություն դարձրեք՝ եվրոյի գաղափարը մի քանի տարի քննարկում էին եւ եվրոգոտին միանգամից չի ընդլայնվել: նորեկներն այնտեղ ընդգրկվելու համար մի քանի տարի ադապտացվում էին: Նույնը այստեղ է, մեկ օրում ամեն ինչ փոխել հնարավոր չէ»,-ասել է Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Ղազախստանին, ընտրությունը նրա օգտին կարող է լինել թենգեի բարջր կայունության շնորհիվ: Իսկ եթե Աստանան դրամ հատելու սարք ստանա, դա կհանգեցնի ԵՏՄ-ում այդ երկրի լիազորությունների մեծացման:
Նշենք, որ թենգեն հետխորհրդային ամենակայուն արժույթներից մեկն է: Վերջին մեկ տարում այդ տարածքի բոլոր արժույթները կտրուկ արժեզրկվել են, իսկ թենգեի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է միայն 2 տոկոսով:




























