6 հայկական ընկերությունների արգելված է ապրանք արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ։ Այս մասին մարտի 13-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ձկնորսների միության նախագահ Արթուր Աթոյանը։

Նա հիշեցրել է, որ 2014թ. հոկտեմբերի 30-ի Կառավարության 1228 որոշմամբ հանրապետությունը կենդանական ծագման ապրանքների հսկողության մակարդակը մոտեցրել է Եվրասիական տնտեսական միության չափանիշներին, որոնց համաձայն էլ ստուգել են կենդանիների բուծմամբ զբաղվող ընկերությունները։

Արգելքը վերաբերում է միայն ձկնաբուծարանների մի փոքր հատվածին։ Արտահանման թույլտվություն ունեն ընդհանուր առմամբ 30-35 ձկնաբուծական ձեռնարկություններ։ Իսկ հանրապետությունում ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տեղեկությունների, կա 230 ձկնաբուծական սուբյեկտ, որոնցից, Աթոյանի գնահատմամբ, գործում են 140-150-ը։ Նշված 6 հաստատություններից 2-ն արդեն դիմում են ներկայացրել արգելքը չեղյալ հայտարարելու համար։ «Ես իհարկե ցանկանում եմ, որպեսզի նրանց ստուգեն եւ ոչ մի խախտում չհայտնաբերեն, եւ որպեսզի նրանք շարունակեն Ռուսաստանի կամ ԵՏՄ այլ անդամների հետ աշխատել այնպես, ինչպես նախկինում։»,- նշեց Աթոյանը։

Նշենք, որ 2014թ. առաջին 3 եռամսյակում Հայաստանից արտահանվել է 1635 տ թարմ եւ սառեցված ձուկ, եւ ամբողջը՝ Ռուսաստան։