Մարտի առաջին տասնօրյակին ջերմաստիճանը նորմայից բարձր էր, բայց ամսվա երկրորդ կեսը կլինի ավելի սառը։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պոտրոսյանը։
«Վաղը՝ մարտի 14-ին Արարատյան դաշտում սպասվում է մինչև 14 աստիճան տաքություն: Մարտի 15-ին կպահպանվի բարձր ջերմաստիճանը, իսկ 16-ին և 17-ին որոշ շրջաններում սպասվում են ձյան կամ ձյունախառն անձրևի տեսքով տեղումներ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի գիշերը կիջնի` հասնելով -1-ի»,- ասաց Զարուհի Պետրոսյանը հավելով։
Հայաստանի տարածքում, ըստ նրա, ցրտահարությունների վտանգը կպահպանվի մինչև ապրիլ, բայց մարտի 18-ի բացասական ջերմաստիճանը ցրտահարության վտանգ չի ներկայացնում:
«Առաջիկայում ջերմաստիճանի նվազումը ավելի դրական կարող է լինել, քան եթե շարունակեր բարձրանալ: Ջերմաստիճանի նվազումը կբերի բույսերի վեգետացիայի դանդաղեցման, եթե նույնիսկ լինեն որոշ ցրտահարություններ, դա կախված կլինի տնտեսությունների վիճակից»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
Զարուհի Պետրոսյանը հիշեցրեց, որ այս տարի հունվար, փետրվար ամիսներին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 4 աստիճանով։





























