Նիդեռլանդների Ալմելո քաղաքի հանրային գրադարանում արամեացիների եւ հայերի ցեղասպանության հիշատակին ցուցահանդես է բացվել: Այն կազմակերպել է «1915 հանձնաժողովը», որը ստեղծել են Նիդեռլանդների հայկական եւ արամեական կազմակերպությունները:

Ըստ Aramese Beweging (Արամեական շարժում) կայքի, բացմանը ելույթ են ունեցել հայտնի պատմաբան եւ մարդաբան Անտոնի Հոլսլագը, ինչպես նաեւ ծնունդով Թուրքիայից, արամեական ծագմամբ նիդեռլանդացի գրող, «Անհանգիստ անցյալի արձագանքները» գրքի հեղինակ Ստիրե Կայա-Չիրիկը:

Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, նկարներ եւ փաստաթղթեր հանցագործության մասին, որը Օսմանյան կայսրությունում ապրող 1.5 մլն հայերի եւ 750 հազար արամեացիների կյանք է խլել:

Հայերի ողբերգությունը հայտնի է որպես Ցեղասպանություն, իսկ արամեացիներն իրենց ողբերգությունը կոչում են «Սայֆո», ինչը նշանակում է «սուր»:

Ապրիլի 24-ին քաղաքի բնակիչները հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախ «1915 հանձնաժողովը» սգո երթ կանցկացնի քաղաքում, այնուհետեւ քաղաքացիները կհավաքվեն Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: