«Ժառանգություն» կուսակցությունում առաջիկայում կգումարվի նիստ, որտեղ կքննարկեն ստեղծված իրավիճակը եւ կտրվեն պատասխաններ բոլոր հարցերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո կգումարվի նիստ, իսկ թե երբ կվերադառնա «Ժառանգության» առաջնորդը, հայտնի չէ: Նիստում կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցը, արդյոք «Ժառանգության» անդամները կարող էին գնալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, թե ոչ, եղել է նման որոշում, թե ոչ:

«Մենք չենք թաքցնում, որ տարաձայնություններ կան, բոլոր հարցերի պատասխանները կլինեն, առայժմ որեւէ բան չենք կարող ասել՝ ինչ է քննարկվել, ինչ որոշում է եղել եւ այլն»,-ասաց Դավիթ Սանասարյանը: Ինչ վերաբերում է կուսակցության պառակտմանը, մամուլի խոսնակն ասաց, որ կուսակությունից դուրս գալու եւ հեռացնելու խնդիր չկա, նման տրամադրություններ եւս չկան: «Հակված չենք որեւէ մեկին կուսակցությունից հեռացնելու»,-ասաց  մամուլի խոսնակը:

Նշենք, որ Lragir.am -ի հետ զրույցում ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորն այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:

«Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ եւ չեն ներկայացրել Ժառանգություն կուսակցությունը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Արմեն Մարտիրոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից հեռացման հարց դրվի, պատգամավորը ասել է, որ չի բացառվում: