ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ քննարկել տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Տնտեսական կապերն ակտիվացնելու  գործում կողմերը կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, տնտեսական համաժողովների անցկացումը, երկու երկրների գործարար շրջանակների կապերի սերտացումը: Հայաստանի վարչապետը եւ Եգիպտոսի առաջնորդը հեռանկարային են համարել գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության եւ տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին բարձր է գնահատել Եգիպտոսի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում եւ նշել, որ այն լավ կամուրջ է հայ-եգիպտական կապերի ընդլայնման եւ խորացման գործում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է արաբական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Այս առումով Եգիպտոսն առանձնահատուկ տեղ է գրավում, քանզի հայ եւ եգիպտացի ժողովուրդների՝ վաղ ժամանակներից սկիզբ առած հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը եւ վերածվել ամուր բարեկամության»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին «Եգիպտոսի տնտեսության աջակցության եւ զարգացման» միջազգային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու առթիվ, որն արդյունավետ հարթակ էր քննարկելու ինչպես Եգիպտոսի, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակը:

Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համաժողովին մասնակցելու համար, եւ հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի առկա մարտահրավերներին եւ խնդիրներին նոր լուծումներ գտնելուն:

Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ նշել, որ Հայաստանն ակնկալում է Եգիպտոսի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունն ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին:

Զրուցակիցներն անդրադարձել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: