Վերջին տարիներին կակաոյի բերքը շարունակաբար նվազում է՝ կլիմայի փոփոխության եւ հիվանդությունների պատճառով, որոնց դեմ մասնագետներն առայժմ միջոցներ չեն գտել: Փորձագետների կարծիքով, եթե այս իրավիճակը եւս մի քանի տասնամյակ շարունակվի, ապա շոկոլադը չափազանց թանկարժեք աղանդեր կդառնա՝ անհասանելի մարդկանց մեծ մասի համար:

Նման իրավիճակից խուսափելու համար Մեծ Բրիտանիայում Կակաոյի կարանտինի կենտրոն են ստեղծել: Լոնդոնից ոչ հեռու արդեն առաջին ջերմոցներն են ստեղծվել, որոնցում ապահովվում է արեւադարձային այն կլիման: որտեղ 400 տեսակի կակաո է աճում: Իսկ գիտնականները փորձում են նոր տեսակի ծառեր ստանալ, որոնք ավելի դիմացկուն կլինեն չոր պայմաններին:

Ըստ Kedem-ի, Կակաոյի կարանտինի կենտրոնում աճեցված տնկիները կփոխադրվեն Աֆրիկայի տնկադաշտեր, առաջին հերթին այն տարածաշրջաններ, որոնք ամենաշատն են տուժել երաշտից եւ տարբեր հիվանդություններից: Ծրագիրը երկարաժամկետ է. դրա առաջին արդյունքները հնարավոր կլինի գնահատել 30 տարուց ոչ վաղ: