Այս տարվա ամռանը «Երեւան Ջուր» ընկերությունը Երեւանում 50-70 տնտեսող ցայտաղբյուրներ կտեղադրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը:

«Ցայտաղբյուրները, որոնք մեր երկրի այցեքարտն են, կարելի է եւ պետք է տնտեսող դարձնել: Իհարկե, մենք չենք կարող վերասարքավորել բոլոր 2 հազար ցայտաղբյուրները, դրանք կամ քաղաքապետարանի, կամ համատիրությունների հաշվեկշռում են»,-հայտարարել է Սարգսյանը՝ հավելելով, որ դեռ որոշված չէ, թե ինչ մեխանիզմ է տեղադրվելու ցայտաղբյուրների վրա՝ բռնակո՞վ, թե կոճակով ծորակ:

«Երբ ջուրը հենց այնպես հոսում է, դա խնդիր է թե ամռանը, թե ձմռանը: Ձմռանը, որ ցայտաղբյուրը չսառչի եւ շուրջբոլորը սառույց չկապի, եւ ամռանը, որպեսզի ջրի լճակներ չառաջանան: Իհարկե, Երեւանի քաղաքապետարանը օպերատիվորեն արձագանքում է նման դեպքերին, բայց մենք ուզում ենք ցույց տալ, որ մի փոքր ծախս անելով կարելի է հանգիստ ապրել»,-ասել է Սարգսյանը:

«Երեւան Ջուր» ընկերությունը ֆրանսիական «Veolia Generale des Eaux» ընկերության դուստր ձեռնարկություն) Երեւանի ջրամատակարարման համակարգի օպերատորն է 2006-2015 թվականներին՝ լիզինգի պայմանագրով: