Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ողջունում է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումները. Մելիքյանը համոզված է, որ ճիշտ չէր լինի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուժերի կարծիքները։

«Կարծում եմ, որ նոր Սահմանադրության մեջ քաղաքական ուժերի տեսակետները կտեսնենք։ Այն ուժերը, որոնք նույնիսկ քննադատում են, նույնպես մասնակցություն է, կարծիք է։ Մինչեւ մայիսի հինգը քաղաքական ուժերը կարող են իրենց առաջարկները ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Թե դա կլինի գրավոր ձեւով, թե բամբասանքի մակարդակով, կարեւոր չէ»,- այսօր՝ մարտի 19-ին, լրագրողներին ասաց Գագիկ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում կա առաջարկություն՝ անցում կատարելու խորհրդարանական կառավարման համակարգ, սակայն բարեփոխումներ չի նշանակում միայն կառավարման համակարգի փոփոխություն. «Դատաիրավական բարեփոխումներ, քաղաքական կուսակցությունների փոխհամագործակցության համակարգ, քաղաքացիական հասարակության ձեւավորում, մարդու իրավունքների պաշտպանության ավելի խորացում, արտաքին անվտանգության ապահովում։ Սահմանադրական բարեփոխումները հենց այս ամենի ամբողջությունն է»։

Լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան՝ Սահմանադրական բարեփոխումներից հետո պատգամավորների թիվը կկրճատվի, Մելիքյանը պատասխանեց. «Չի բացառվում, հնարավոր է»։

Նշենք, որ մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումները։