Ադրբեջանին՝ Ռուսաստանի զենք վաճառելը Հայաստանի իշխանություններին միշտ մտահոգել է։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողներին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա քննադատական ելույթին։ 

«Մենք միշտ արտահայտել ենք մեր մտահոգությունը թե փակ քննարկումների ընթացքում, թե առհասարակ տարբեր քննարկումների ժամանակ։ Սերժ Սարգսյանի խոսքն իսկապես աննախադեպ էր, նաեւ այն առումով, որ սա պետք է մտահոգի նաեւ զենք գնող եւ վաճառող երկրներին։ Այսպիսի վաճառքներ աշխարհի տարբեր երկրներում լինում են, բայց մենք այնպես պետք է անենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք չվաճառի հակամարտություն ունեցող երկրին»,- ասաց Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ մեր զինվորի գիտակցության մեջ կա, որ իրեն կարող են սպանել ռուսական զենքից։

Նշենք, որ մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր է խաղում ռազմական համագործակցությունը։ «Այդ հարաբերություններում մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով։ Սա խնդիր է, եւ այն պետք է լուծել»,- ասել է նախագահը։