Պաշտոնական վիճակագրությունը տեղեկություն է հրապարակել ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ ընտանի անասունների գլխաքանակի մասին: Հիմնական միտումները բացահայտելու համար դիտարկենք վերջին հինգ տարիների շարժը:

Եվ այսպես, այդ ժամանակահատվածում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն աճել է 20.7%-ով: Անկասկած, սա զգալի առաջընթաց է, քանի որ բացարձակ աճը կազմել է 117.9 հազար գլուխ: Սակայն մայրաքաղաքում տավարի մսի մանրածախ գինը նույնպես զգալի տեմպերով աճել է՝ 28.5%-ով:

Կովերի գլխաքանակի աճի տեմպերը գրեթե երկու անգամ հետ են մնում խոշոր եղջերավոր անասունների ընդհանուր ցուցանիշից: Սակայն կրկին արտահայտվել են երկնիշ թվով՝ 14.6%-ով: Նույն ժամանակահատվածում, նույնպես երկնիշ թվով, թանկացել է այն արտադրանքը, որը, ըստ էության, պետք է ամբողջությամբ ստացվի տեղական կաթից: Այսպես, մայրաքաղաքում մանրածախ գներն աճել են. «թարմ կաթը»՝ 17.8%-ով, ազգային կաթնամթերք «մածունը»՝ 1.6 անգամ, թթվասերը՝ գրեթե 1.5 անգամ:

Պաշտոնական նույն տվյալների համաձայն, խոզերի գլխաքանակն աճել է 26.5%-ով, այսինքն՝ ավելի քան մեկ քառորդով: Իսկ ահա խոզի մսի մանրածախ գինն ավելացել է հսկայական մեծությամբ՝ 75%-ով, այսինքն՝ գրեթե 1.8 անգամ: Նկատենք, որ անասնաբուծության այս ոլորտում բավական անբարենպաստ պատկեր է: Եթե հավատանք 1991 թվականի տվյալներին, ապա ստացվում է, որ խոզերի գլխաքանակը շուրջ մեկ քառորդ դարի ընթացքում կեսից ավելի կրճատվել է:

Բայց խնդիրը միայն քանակական ցուցանիշների մեջ չէ: Գոյություն ունեն «զարգացող» երկրներ, որտեղ ընտանի անասունների գլխաքանակի եւ բնակչության թվի հարաբերակցության ցուցանիշը բավական բարձր է (օրինակ՝ Բոստվանայում, Նամիբիայում եւ այլուր): Սակայն այդ երկրներում անասնաբուծությունը, մի շարք գործոնների պատճառով, արդյունավետ չէ: Ոլորտը քիչ եկամտաբեր է, արտադրանքի ապրանքայնությունը՝ ցածր, տեխնոլոգիաները՝ հնադարյան:

Ներկայացնենք անասնաբուծական առանձին արտադրանքի ապրանքայնության տվյալները՝ հաշվի առնելով փոխանակումը: 2013 թվականի տվյալների համաձայն, վաճառվել է մեր երկրում արտադրված մսի 81%-ից էլ պակաս քանակությունը, կաթի պարագայում այդ ցուցանիշը շուրջ 45% է: Մսի առումով ցուցանիշն առաջին հայացքից բարձր է: Սակայն նման մակարդակն ավելի շատ մոտ է բնական տնտեսությանը, այլ ոչ թե լայնածավալ ապրանքային արտադրությանը: