Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ պատգամավորների թիվը այս պահի դրությամբ 22 է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ ԲՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ իրենք դիմում են ստացել 11 պատգամավորներից, նրանք են՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մուրադ Գուլոյան, Ռուստամ Գասպարյան, Մարտուն Գրիգորյան, Վարդան Օսկանյան, Բազմասեր Առաքելյան, Գրիգորի Մարգարյան, Մուշեղ Պետոյան, Դավիթ Քոչարյան: Ըստ որում՝ նրանցից երեքը՝ Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչայանը, Գրիգորի Մարգարյանը դուրս են եկել ԲՀԿ խմբակցությունից, իսկ մնացած 8 պատգամավորները դուրս են եկել ԲՀԿ-ից, բայց մնում են խմբակցության կազմում որպես անկախ պատգամավորներ:
Դրանից բացի՝ կան մի քանի պատգամավորներ, որոնք պարզ չէ՝ մնում են, թե դուրս են գալիս ԲՀԿ-ից: Օրինակ՝ Արայիկ Աղաբաբյանը, ով հայտարարել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին, սակայն դիմում չկա: Պարզ չէ նաեւ Աբրահամ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը մնում են ԲՀԿ-ի կազմում, թե ոչ, նրանք չեն մասնակցել խմբակցության նիստին եւ կիրակի օրը տեղի ունեցած խնջույքին, սակայն չեն հայտարարել նաեւ ԲՀԿ-ից դուրս գալու մասին: ԲՀԿ խմբակցության կազմում իր գործունեությունն է շարունակում նաեւ անկուսակցական Վահե Հովհաննիսյանը, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ «Հզոր Հայրենիք» կուսակցության ղեկավար Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում, Վահան Բաբայանի փոխանցմամբ, հիմք են ընդունել նրա հայտարարությունը արված համագումարի ժամանակ, դիմում գրել-չգրելու մասով էլ խնդրեցին դիմել իր մամուլի խոսնակին:
Այս հարցի հետ կապված ավելի վաղ մենք դիմել էինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին, ով փոխանցել էր հետեւյալը. «Մարտի 5-ին կայացած Բարգավաճ Հայաստան կուսակցության արտահերթ 8-րդ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ այլևս չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, վայր է դնում ԲՀԿ նախագահի և ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավարի լիազորություններն ու այլևս ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ: Դա ենթադրում է նաև կուսակցական պատկանելիության դադարեցում: Տեխնիկական մանրամասներին անկեղծ ասած չեմ տիրապետում, այսինքն՝ գրվել է արդյոք կուսակցական պատկանելիությունը դադարեցնելու մասին դիմում թե ոչ, սակայն այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է պահել ԲՀԿ քաղաքական խորհրդին: Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն իր խորհրդարանական գործունեությունը շարունակում է որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր»: Ի դեպ, մինչեւ երեկ Ծառուկյանը, ըստ Աժ-ի կայքի, ԲՀԿ խմբակցության ղեկավար է, ԲՀԿ-ական պատգամավոր:





























