Գագիկ Ծառուկյանն իր խորհրդարանական գործունեությունը շարունակում է որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Մենք Ծառուկյանի մամուլի խոսնակին ուղղել էինք հետեւյալ հարցը՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ կուսակցությունից դուրս գալու դիմում նրկայացրել է թե ոչ, եւ արդյոք նա դուրս կգա նաեւ ԲՀԿ խմբակցությունից: «Մարտի 5-ին կայացած Բարգավաճ Հայաստան կուսակցության արտահերթ 8-րդ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ այլևս չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, վայր է դնում ԲՀԿ նախագահի և ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավարի լիազորություններն ու այլևս ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ: Դա ենթադրում է նաև կուսակցական պատկանելիության դադարեցում: Տեխնիկական մանրամասներին անկեղծ ասած չեմ տիրապետում, այսինքն՝ գրվել է արդյոք կուսակցական պատկանելիությունը դադարեցնելու մասին դիմում թե ոչ, սակայն այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է պահել ԲՀԿ քաղաքական խորհրդին: Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն իր խորհրդարանական գործունեությունը շարունակում է որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր»,-հայտնել էր Իվետա Տոնոյանը:
Ի դեպ, ԱԺ-ի կայքում Գագիկ Ծառուկյանի դեռ ԲՀԿ կուսակցության անդամ է եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար:





























