Հայերի հանդեպ ադրբեջանական հասարակության շրջանում այլատյացության եւ անհանդուրժողականության քարոզչությունը հասցրել են պետական քաղաքականության մակարդակի: Այս մասին մարտի 20-ին՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի եզրափակիչ օրն ունեցած ելույթում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Նրա խոսքով, չնայած Ադրբեջանը հենց սկզբից փորձեց անտեսել ղարաբաղյան կողմին՝ հակամարտությունը ներկայացնելով որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ակտիվ մարտական գործողությունների ժամանակաշրջանում Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ մի քանի փուլով ուղղակի բանակցություններ են անցկացվել: «Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության միջեւ հենց այդ ուղղակի շփումների արդյունքում էլ շուրջ 10 երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել»,- ընդգծեց Միրզոյանը:
Նախարարը նաեւ հավելեց, որ Ադրբեջանի կողմից շփման գծում մշտական սադրանքներն ու պատերազմի վերսկսման շուրջ մշտական սպառնալիքները հեռացնում են հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարը:
«Հակամարտության կողմերի միջեւ անվստահության մթնոլորտի առկայության պայմաններում չափազանց դժվար է պատկերացնել, որ համաձայնություններ ձեռք կբերվի, առավել եւս՝ որ դրանք կյանքի կկոչվեն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետեւողականորեն հանդես է գալիս վստահության միջոցների վերականգնման օգտին՝ հստակ առաջարկություններով ներկայացնելով: Ցավոք, ադրբեջանական կողմը հակամարտության գոտում վստահության եւ անվտանգության ամրապնդման շուրջ այդ առաջարկներից որեւէ մեկը չընդունեց»,- փաստեց Կարեն Միրզոյանը:
Ավելին, ըստ ԼՂՀ պաշտոնյայի, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը բոլոր հայերին հայտարարել է իր երկրի թիվ մեկ թշնամի եւ Հայաստանի ու Արցախի մեկուսացման եւ շրջափակման քաղաքականություն է վարում:





























